Խոսելով 2020թ․ մասին` առաջին բառերը, որ մտաբերում ենք բոլորս՝ «փորձություններ», «մարտահրավեր», «խնդիրներ» բառերն են։ Տարին իրոք լի էր մարտահրավերներով բոլորիս համար։ Սակայն կարևոր է դրանց կողքին նկատել ու արձանագրել նաև ձեռքբերումները, որոնք ևս քիչ չեն։

 

2020 թվականին «Արմլիզինգի» ձեռքբերումները

Ֆեյսբուքյան մեր էջում, ամփոփելով 2020թ․, մենք արդեն ներկայացրել ենք հակիրճ տեսանյութ այն մասին, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել «Արմլիզինգի» գործունեության առաջին ամբողջական տարում։ Այժմ ներկայացնենք դրանք ավելի մանրամասն։

 

Ներգրավվածություն Գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) ծրագրերին

 

ԳՖԿ-ի հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումը, թեև, տեղի է ունեցել դեռևս 2019-ի նոյեմբերին, այնուամենայնիվ այս ծրագրերի շրջանակներում «Արմլիզինգի» արդյունավետ աշխատանքը, վստահաբար, կարող ենք համարել 2020-ի կարևոր ձեռքբերումներից մեկը։

 

Այս համագործակցության շրջանակներում հետագայում՝ հուլիս ամսին կնքվեց նաև լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման փոխառության պայմանագիր:

 

Հայաստանում ագրոբիզնեսի զարգացումը «Արմլիզինգի» առաքելության կարևորագույն կետերից մեկն է, և պետական սուբսիդավորման ծրագրերին մեր ակտիվ մասնակցությունը դրա վկայությունն է։

 

Համագործակցության հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) հետ

 

R2E2-ի հետ համագործակցության հուշագիրը կնքվել է դեռևս 2019թ․ դեկտեմբերին, սակայն այս ուղղությամբ հետագա պայմանագրերի ստորագրումն ու բուն համագործակցությունը սկսել է 2020թ․։

 

Վերականգնվող էներգիայի և բնապահպանության ոլորտները «Արմլիզինգի» կարևոր առաջնահերթություններից են։ Դրանց շրջանակներում 2020թ․ ստեղծվել է նաև «Արմլիզինգ Էկո» ենթաբրենդը և «Էկոլիզինգ» պրոդուկտը։

 

Համագործակցության մեկնարկ ՀՊՏՀ հետ

 

2020թ․ փետրվարի 26-ին «Արմլիզինգի» գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը և ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։

 

Համագործակցության ամենակարևոր գործընթացները ժամանակավորապես հետաձգվեցին՝ կապված երկրում համավարակի և արտակարգ դրության հետ։ Այնուամենայնիվ, այս համագործակցության մեկնարկը կարևոր և հեռանկարային ձեռքբերում է։

 

Համագործակցություն ֆինանսական կառույցների հետ

 

Ինչպես Invest Magazine-ի հետ հարցազրույցում նշել էր Արսեն Բազիկյանը՝ «Մրցակցելու փոխարեն մենք փորձում ենք ստեղծել ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների հետ կոոպերացիայի, համագործակցության մշակույթը, երբ երկու տարբեր ոլորտներում մասնագիտացված կառույցներ միասին ավելի ուժեղ գործիքներ կարող են ստեղծել շուկայի համար, քան առանձին վերցրած»։

 

Այս գաղափարի շրջանակներում 2020թ․ «Արմենիան Լիզինգ Քամփնին» կնքեց տարբեր ֆորմատների համագործակցության հուշագրեր և պայմանագրեր Հայաստանյան մի շարք առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ․ «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ։

 

Համագործակցության ֆորմատները վերոնշյալ կառույցների հետ թեև տարբերվում են, այնուամենայնիվ, ունեն երկու կարևոր նպատակ․ համատեղ, արդյունավետ լուծումներով զարգացնել Հայաստանում լիզինգի շուկան և առաջարկել ավելի շահավետ, փաթեթային լուծումներ հաճախորդներին։

 

Օրենսդրական փոփոխություններ

 

2020թ․ հունիսին ուժի մեջ մտան լիզինգային գործառնությունները կարգավորող և բարելավող օրենսդրության փոփոխությունները։ «Արմլիզինգի» համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը, որպես փորձագետ ներգրավված էր նախագծի աշխատանքային խմբում։

 

Նախագծով ուժի մեջ մտան մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք լիզինգը դարձնում են ավելի մրցակցային և շահավետ։ Ավելացան լիզինգի նոր ուղղություններ․ կրկնակի (երկրորդային) լիզինգ, հետադարձ լիզինգ, ենթալիզինգ։

 

«Շարժական գրասենյակ»

 

Ճկունությունն ու արագությունը «Արմլիզինգի» ամենակարևոր մրցակցային առավելություններից են։ Հենց այդ նպատակով ձեռք բերվեց և կահավորվեց մեր ավտոմեքենան։ 

 

Մենք այն անվանում ենք «շարժական գրասենյակ», քանի որ այն հարմարեցված է անհրաժեշտության դեպքում հաճախորդների հետ հանդիպումներն ու հայտերի ընդունումը հենց մեքենայում իրականացնելու համար։

 

Armleasing.am կայքի գործարկում

 

2020թ․ գործարկվեց «Արմլիզինգի» կայքը, որը կառուցված է այնպես, որ լիզինգառուի համար հնարավորինս հեշտ լինի գտնել իրեն անհրաժեշտ պրոդուկտները, ընտրել մատակարարին և հենց կայքից ուղարկել նախնական հայտ։

 

Կայքը հարմար է նաև մատակարարների համար, ովքեր ևս մեկ հարթակ ունեն՝ իրենց պրոդուկտները ներկայացնելու և վաճառելու։

 

Համագործակցություն մատակարար ընկերությունների հետ

 

2020թ․ «Արմլիզինգը» կնքել է համագործակցության բազմաթիվ պայմանագրեր իրենց ոլորտներում առաջատար մատակարար ընկերությունների հետ։

 

Փոխշահավետ այս համագործակցությունները կառուցվել են այնպես, որ դրանք առաջին հերթին շահավետ լինեն հաճախորդների, այնուհետև՝ մատակարարի և լիզինգատուի համար։

 

Նոր պրոդուկտներ

 

2020թ․ առանձնացավ նաև նրանով, որ ստեղծվեցին մի քանի կարևոր և տարբերվող, նոր լիզինգային պրոդուկտներ։ 

 

Մասնավորապես՝ «Միկրոլիզինգ» պրոդուկտը նպատակ ունի խթանել միկրոբիզնեսի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով շահավետ լուծումներ փոքր և սկսնակ բիզնեսներին։ Իսկ «Made in Armenia» լիզինգը նպատակ ունի խթանել Հայաստանում արտադրությամբ զբաղվող ընկերությունների առաջընթացը՝ տրամադրելով հիմնական միջոցներ լիզինգով՝ 9% կանխավճարով։

 

Լիզինգ + կառավարման խորհրդատվություն (BizLiz)

 

Տարին ամփոփվեց «Արմլիզինգի» և «Բիզնեսի աջակցման կենտրոնի» միջև կնքված ռազմավարական համագործակցության հուշագրով։

 

Սրանով սկիզբ է դրվում հայաստանյան բիզնես միջավայրում նմանը չունեցող հեռանկարային մի նախագծի, որը նպատակ ունի Հայաստանի արտադրողներին և ծառայություն մատուցողներին հնարավորություն ընձեռել ավելի արագ և կազմակերպված հասնել իրենց նպատակներին՝ խթանելով նրանց առաջխաղացումը, զարգացնել տեղական ձեռնարկատիրությունը, ստեղծել ավելին լիզինգային լուծումների և կորպորատիվ կառավարման խորհրդատվության համադրման/միավորման միջոցով:

 

Ձեռքբերումներն իհարկե, սրանցով չեն ավարտվում, սակայն այս ամփոփման մեջ սահմանափակվենք վերոնշյալով։

 

2021թ․ «Արմլիզինգի» պլանները

Կանխատեսվող ճգնաժամային տարում «Արմլիզինգի» պլանները ոչ միայն չեն պակասել, այլ հակառակը՝ դարձել են ավելի մեծ և ամբիցիոզ։ Մենք հավատում ենք, որ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու միակ ճանապարհը դա է։

 

2021թ․ համար մենք ունենք մի քանի առաջնահերթ, ռազմավարական ուղղություններ․ ՓՄՁ զարգացում, ագրոբիզնեսի զարգացում, էներգախնայող և էկոլոգիական լուծումներ, ֆինանսական լուծումների հասանելիություն։

 

ՓՄՁ զարգացում

 

Ինչպես նշեցինք վերևում՝ մեկնարկել է «Արմլիզինգի» ռազմավարական համագործակցությունը «Բիզնեսի զարգացման կենտրոնի» հետ։

 

Այս համագործակցությունը զարգացնելը և դրանով փոքր և միջին բիզնեսներին ու ստարտափներին փաթեթային բիզնես լուծումներ առաջարկելը մեր երկու ընկերությունների այս տարվա ամենակարևոր առաջնահերթություններից է։

 

Կազմակերպությունները, որոնք բիզնեսը զարգացնելու համար կարիք ունեն թե՛ հիմնական միջոցներ ձեռք բերելու, և թե՛ կառավարման խորհրդատվություն ստանալու, կստանան ճկուն, փաթեթային լուծումներ BizLiz նախագծի շրջանակներում։

 

Նախագծի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կհաղորդենք մեր հետագա հրապարակումներում։
 

Ագրոբիզնեսի զարգացում

 

Հավանաբար նկատեցիք, որ «գյուղատնտեսություն» բառի փոխարեն մենք օգտագործում ենք «ագրոբիզնես» տերմինը։ Դա ոչ թե պատահականություն է, այլ արտահայտում է մեր մոտեցումը գյուղատնտեսության ոլորտին։ Մենք հավատում ենք, որ գյուղատնտեսությունը չպետք է հիմնվի միայն սեփական կարիքները բավարարելու սկզբունքի վրա, այլ պետք է առաջնորդվի առաջադեմ բիզնես-տրամաբանությամբ։

 

Պետական աջակցության ծրագրերը լավ հնարավորություն են Հայաստանում ագրոբիզնեսի զարգացման համար։ 

 

2021թ․ «Արմլիզինգը» կշարունակի նշված ծրագրերի շրջանակներում համագործակցել գյուղատնտեսական և ագրոպարենային սարքավորումների մատակարարների հետ՝ առաջարկելով լիզինգի շահավետ պայմաններ բարձրորակ տեխնիկայի ձեռքբերման համար։

 

Էներգախնայող և էկոլոգիական լուծումներ

 

Բնապահպանությունը «Արմլիզինգի» առաքելության և կորպորատիվ մշակույթի անբաժան մասն է։ Հետևաբար այս ուղղությամբ գործող մեր Armleasing Eco ենթաբրենդի զարգացումը 2021թ․ կարևոր առաջնահերթություններից մեկն է։

 

Դրա շրջանակներում մենք շարունակելու ենք և էլ ավելի ենք զարգացնելու R2E2-ի հետ մեր համագործակցությունը։

 

Նախատեսվում են նաև կարևոր համագործակցություններ թափոնների վերամշակման բիզնեսը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ։

 

Ֆինանսական լուծումների հասանելիություն

 

Ինչպես հավանաբար գիտեք՝ «Արմլիզինգի» կարգախոսը «Ճկուն, փաթեթային ֆինանսական լուծումներ»-ն է։ «Փաթեթային» բաղադրիչի մասին արդեն խոսեցինք։ Այժմ անդրադառնանք «ճկունությանը»։

 

«Շարժական գրասենյակը» որոշակիորեն մեծացրեց մեր պրոդուկտների հասանելիությունն ու ճկունությունը։ Սակայն դրանով չենք սահմանափակվում։

 

Ֆինանսական կառույցների հետ մեր համագործակցությունը նաև այս նպատակն ունի։ Գործընկեր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում պրոֆեսիոնալ լիզինգային ծառայությունները հասանելի և ավելի մոտ կդառնան նաև Հայաստանի մարզերում։

 

Այս ուղղությամբ առաջիկայում սպասեք նորությունների «Արմլիզինգի» և «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ ռազմավարական համագործակցության շրջանակներում։

 

Մյուս ֆինանսական կազմակերպությունների հետ ևս  նմանօրինակ համագործակցության զարգացումը 2021թ․ «Արմլիզինգի» ամենակարևոր առաջնահերթություններից է։

 

Կարծում ենք՝ համոզվեցիք, որ «Արմլիզինգին» բուռն աշխատանքային տարի է սպասվում։ Իսկ դա նշանակում է, որ տարին բուռն է լինելու նաև մեր գործընկերների համար։

 

«Արմլիզինգի» նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք մեզ Facebook-ում, LinkedIn-ում և Instagram-ում։