«Արմենիան Լիզինգ Քամփնին» և Evocabank-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Համագործակցության շրջանակներում Արմենիան Լիզինգ Քամփնին Evocabank-ի հաճախորդներին կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ: Լիզինգային ծառայություններից բացի՝ Բանկի հաճախորդները կստանան նաև ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայություններ, ներառյալ՝ խորհրդատվություն։
«Արմենիան Լիզինգ Քամփնին» կիրականացնի լիզինգային ֆինանսավորում ինչպես իր սեփական, այնպես էլ Evocabank-ի կողմից տրամադրվող միջոցների հաշվին:
Ինչպես նշեց Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ Բանկը մշտապես ներդնում է նոր ֆինանսական գործիքներ` հաճախորդների անհատական պահանջմունքներին արագ և պարզ լուծումներ տալու համար: Լիզինգը ֆինասավորման այլընտրանքային միջոց է, որը պահանջված է մեր գործընկերների և հաճախորդների շրջանում: Համագործակցության շրջանակներում մեր հաճախորդները կստանան հնարավորություն օգտվելու լիզինգի գործիքակազմի բոլոր առավելություններից:
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը նշեց, որ լինելով ոլորտում մշտապես նորարարական լուծումներ առաջարկող ընկերություն՝ Արմլիզինգը որդեգրել է ֆինանսական այլ կառույցների հետ ոչ թե մրցակցելու, այլ համագործակցելու քաղաքականություն։
Արսեն Բազիկյանը վստահություն հայտնեց, որ Evocabank-ի հետ համագործակցությունից կշահեն ինչպես երկու ֆինանսական կառույցները, այնպես էլ հաճախորդներն ու մատակարար ընկերությունները։