Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Կարկոմավտո ընկերության կողմից FOTON ապրանքանիշի պաշտոնական բացման միջոցառումը Հայաստանում, որի գլխավոր ֆինանսական գործընկերն էր «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ն («Արմլիզինգ»)։


Միջոցառման շրջանակում ներկայացվել են FOTON ապրանքանիշի բեռնատարներն ու պիկապները, ինչպես նաեւ Կարկոմավտոյի եւ Արմլիզինգի համագործակցության շրջանակում դրանց ձեռքբերման ֆինանսավորման հնարավորությունները։

Համատեղ առաջարկի շրջանակում իրավաբանական անձանց համար նախատեսված են լիզինգի հետեւյալ պայմանները՝

•    Կանխավճար՝ սկսած 10%-ից
•    Տարեկան տոկոսադրույք՝ սկսած 0.9%-ից (ՀՀ դրամ)
•    Ֆինանսավորման ժամկետ՝ մինչեւ 42 ամիս

«Բիզնեսի համար տրանսպորտային միջոցի ընտրությունն ու դրա ձեռքբերման ֆինանսավորումը մեկ ներդրումային որոշման մաս են։ Կարկոմավտոյի հետ մեր համագործակցության նպատակն է առաջարկել լուծում, որը թույլ կտա ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկան՝ վճարումները բաշխելով ժամանակի ընթացքում եւ միջոցներ պահպանելով նաեւ ընթացիկ գործունեության համար։ FOTON-ի մուտքը հայաստանյան շուկա ընդլայնում է բիզնեսի ընտրությունը, իսկ մեր համատեղ առաջարկը՝ այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունները»,- նշել է Արմլիզինգի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Որպես լիզինգային ֆինանսավորման ոլորտում մասնագիտացած ընկերություն՝ Արմլիզինգը կարեւորում է ավտոմոբիլային ոլորտի առաջատար ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ նպատակ ունենալով հայկական բիզնեսների համար առավել հասանելի դարձնել ժամանակակից տրանսպորտային միջոցներն ու նպաստել դրանց տեխնիկական վերազինմանը։

Կարկոմավտոյի եւ Արմլիզինգի համագործակցությունը միտված է բիզնեսի տարբեր ոլորտներում գործող ընկերությունների տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը, գործառնական արդյունավետության բարձրացմանը եւ երկարաժամկետ զարգացմանը։

Արմլիզինգը շարունակաբար ընդլայնում է իր գործընկերային ցանցը՝ առաջարկելով բիզնեսի կարիքներին համապատասխան ֆինանսավորման մասնագիտացված լուծումներ եւ նպաստելով Հայաստանում լիզինգային մշակույթի զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արմլիզինգի մասին

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործող մասնագիտացված լիզինգային ընկերություն է, որն առաջարկում է ֆինանսավորման լուծումներ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների համար՝ աջակցելով հիմնական միջոցների ձեռքբերմանը, բիզնեսի արդիականացմանը եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը։